«Քոչարյանն ի՞նչ կասի նրա մասին, որ Սպարապետի մայրն օրերով նստած էր նախագահականի մոտ, ինքը չէր ընդունում». Էմմա Խուդաբաշխյան

ՀԺԿ նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշխյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած տեսակետների առիթով մի դրվագ հիշեց Քոչարյանի նախագահության տարիներից: Aravot.am-ի հետ զրույցում Էմմա Խուդաբաշխյանը պատմեց. «Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրն օրերով որ նստած էր նախագահականի առաջ և նստացույց էր անում օրերով, գիշերներով, Քոչարյանն իրեն չէր ընդունում: Այսօր Քոչարյանը խոսում է արդարությունից, ասում է, թե ես մեկուսացված եմ, բա չի՞ հիշում, թե ինքն ինչ էր անում»: Հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն ստացավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, Էմմա Խուդաբաշխյանը վստահեցրեց՝ Քոչարյանն իր ոճի մեջ էր, ինքն իր բնավորությունը չի փոխել:

Այնուհետև հիշեց. «Ինքն անգամ կանանց նկատմամբ է հաշվեհարդար տեսել, չի ներել ընդդիմախոս կանանց, ինքը մոռացե՞լ է այդ բոլորը: Եվ, ամենակարևորը, Սպարապետի մայրը նստած նախագահականի մոտ, չէր ընդունում օրերով, ի՞նչ կասի դրա մասին»: Մեր հիշեցմանը, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ ունի աջակիցներ, Էմմա Խուդաբաշխյանն արձագանքեց՝ թող գան, կանգնեն Քոչարյանի կողքին, ո՞ւր են: Էմմա Խուդաբաշխյանը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահական ընտրություններում առաջին փուլում չի ընտրվել նախագահ. Դեմիրճյանն է ընտրվել:

Այնուհետև նշեց, թե Քոչարյանի արածների դիմաց Սերժ Սարգսյանը հրեշտակ է, քանի որ Սերժ Սարգսյանի ժամանակ քաղաքական սպանություններ չեն եղել. «Չեմ ուզում Սերժ Սարգսյանին գովալ, ի սեր Աստծո, դա ինձ հետաքրքիր չէ, բայց Քոչարյանի արածներն անտանելի են եղել: Ինքը հիշաչար մարդ է եղել, և մինչև հիմա էլ դա իր դեմքից երևում է»: Մեր դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքում այն զգուշացումը կար, թե կդառնա քաղաքական բանտարկյալ՝ իր տպավորությամբ, դա զգուշացո՞ւմ, սպառնալի՞ք, թե՞ քաղաքական դիվիդենտներ շահելու համար արված հայտարարություն էր, Էմմա Խուդաբաշխյանը պատասխանեց. «Քաղաքական դիվիդենտներ»: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում պետք է դատական մարմինները ճիշտ որոշում կայացնեն, և ամեն մեկն անցնի իր աշխատանքին, որ ժողովրդի մոտ էլ նոր իշխանությունների նկատմամբ հիասթափություն չառաջանա: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աղբյուրը՝ https://www.aravot.am/2018/08/17/975880/

 

Be the first to comment on "«Քոչարյանն ի՞նչ կասի նրա մասին, որ Սպարապետի մայրն օրերով նստած էր նախագահականի մոտ, ինքը չէր ընդունում». Էմմա Խուդաբաշխյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ