Փաշինյանի անսպասելի հայտարարությունը. ի՞նչ ճակատագիր է սպասվում «ազգային համաձայնության» կառավարությանը

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ եթե իրենց կողմից Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքում օրակարգ չբերվեր քաղաքական ինտրիգ, որը կապված է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հետ, «Իմ քայլը» դաշինքի ձայները, հնարավոր է՝ շատ ավելի քիչ լինեին։ Այս հայտարարությամբ Փաշինյանը կամա թե ակամա՝ բացահատեց այն մարտավարությունը, որը շատերի կողմից էր ֆիքսվել, այն է՝ սևերի և սպիտակների պայքարի արհեստական օրակարգի ձևավորումը: Իրականում, կար այդպիսի տպավորություն, որ ընտրության գնացած երևանցիների 81 տոկոսը քվեարկել է ոչ այնքան «Իմ Քայլը» դաշինքի օգտին, որքան հակահեղափոխության դեմ՝ տպավորվելով ողջ քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից նկարագրվող այն սարսափազդու սցենարներով, որոնք կարող են իրականություն դառնալ, եթե նախկին համակարգը վերդառնալու շանս ստանա: Մյուս կողմից, անչափ հետաքրքիր է, որ ընդունելով նմանատիպ տեխնոլոգիայի կիրառումը, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն չի տեսնում, որպեսզի ժամանակավոր կառավարության մյուս ուժերն այս պահին հրաժարվեն նախարարական աթոռներից, մյուս կողմից՝ հստակ ակնարկելով, որ իր վարչապետության համար պարտական չէ խորհրդարանական ուժերից որևէ մեկին։
Սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է Երևանի ավագանու ընտրություններում արհեստականորեն ձևավորված օրակարգը. ստացվում է՝ սևերն այնքա՞ն էլ սև չէին, թե՞ ամեն դեպքում իր վարչապետության համար խորհրդարանական ուժերին Փաշինյանը պարտական է. հակառակ դեպքում՝ ավելի քան տարօրինակ է դառնում ողջ քարոզարշավի ընթացքում բացահայտ սև պիտակավորված ուժերի առկայությունը ազգային համաձայնության կառավարությունում: Ի՞նչ «համաձայնություն», երբ վարչապետի «վստահելի ձայներն» ընդամենը երեքն են, ինչպես ինքն է հաճախ հայտարարում, չհաշված՝ իրենը: Այսինքն, դա կարելի է ինչ-որ առումով ընկալել նաեւ որպես այս «ժամանակավոր կառավարությանը» հատկացված ժամանակի վերջին ժամերի խիստ մոտ լինելու ակնարկ, ԱԺ արտահերթ ընտրություններն արագացնելու թեման «տաքացնելուն» զուգահեռ:
Ի դեպ, շատ հնարավոր է, որ իրենից բացի, մնացյալ երեք ձայնն էլ են արդեն անվստահելի, և Փաշինյանը դա չի կարող չգիտակցել: Այս տեսանկյունից՝ երկու իրողություն արդեն իսկ փաստ է. առաջինը, որ Երևանի ավագանու ընտրությունները ողջ ծավալով սպասարկել են հեղափոխության օրակարգը, և երկրորդը՝ այդ օրակարգը սևերի և սպիտակների միջև պայքարի վերածելը խաղաքարտերը բացահայտելուց հետո շատ ավելի բարդ կլինի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ գալիք արտահերթ ընտրություններում Փաշինյանի թիմը հավակնելու է շատ ավելի «ռացիոնալ» տոկոսների…
Ս.Խաչատրյան

Be the first to comment on "Փաշինյանի անսպասելի հայտարարությունը. ի՞նչ ճակատագիր է սպասվում «ազգային համաձայնության» կառավարությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ