Քոչարյանը հանձնվեց պատմությանը. 10%-ի հավակնորդները

Երեկվա օրը բուռն էր ներքաղաքական զարգացումների առումով ու, ըստ էության, ուրվագծեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների տրամաբանությունը։

Մի քանի ընդհանուր եզրահանգումներ արդեն իսկ կարող ենք անել։

Արտահերթ ընտրությունների ժամկետների հարցում կառավարությունը չգնաց որևէ զիջման, ինչը ուժերի դասավորության էական փոփոխություն առաջացրեց հենց խորհրդարանի ներսում։ ՀՀԿ-ն չի վերահսկում ոչ միայն փողոցը, այլ նաև խորհրդարանն ու սեփական խմբակցությունը։ Համենայնդեպս, երեկ ՀՀԿ խմբակցության երկու գործող անդամ հրապարակավ պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանի օրակարգը, ԲՀԿ-ն՝ հուշագրով, իսկ ՀՅԴ-ն՝ առայժմ բանավոր, հայտարարեցին, որ համաձայն են արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբեր ամսին։

ՀՀԿ-ն հայտնվել է կատարյալ շրջափակման մեջ անգամ հին համակարգը ներկայացնող խորհրդարանում՝ դե ֆակտո և դե յուրե զրկված լինելով մեծամասնությունից։ Այս պարագայում ակնհայտ է, որ ՀՀԿ-ն նույնիսկ վարչապետի թեկնածու առաջադրելու տեսական հնարավորություն չունի, հետևաբար արտահերթ ընտրություններ կնշանակվեն առանց ցնցումների ու ֆորս-մաժորային իրավիճակների։

Այս համատեքստում վերջնականապես թաղվեցին դավադրության միջոցով վարչապետ դառնալու Ռոբերտ Քոչարյանի շանսերը. արտահերթ ընտրություններում, պայմանական ասած, Քոչարյանի հնարավոր ցուցակը ունի զրոյական շանսեր։ Քոչարյանն իրապես վերածվում է «քաղաքական դիակի», ինչն, անշուշտ, նպաստելու է, որ նրա հանցագործությունները քննարկվեն իրավական հարթության վրա՝ կանխատեսելի հեռանկարով։

Երեկ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը վայելում է հասարակության 90%-ի վստահությունը, իսկ դա նշանակում է, որ մյուս քաղաքական ուժերը կարող են հավակնել 10%-ին։ Իհարկե, սահմանադրական կարգավորումներն ընդդիմությանը վերապահում են առնվազն մեկ երրորդի ներկայություն խորհրդարանում, սակայն դրանից քաղաքական պատկերն ու քաղաքական զարգացումների տրամաբանությունն առանձնապես չեն փոխվում։

Մյուս կողմից՝ հուշագիրը կարևոր քաղաքական նշանակություն ունի այն իմաստով, որ, ըստ էության, վերականգնվում է ստատուս քվոն, որը գոյություն ուներ մինչև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, հուշագիր ստորագրելով Գագիկ Ծառուկյանի հետ, ռեաբիլիտացրեց երկրորդ տեղի համար պայքարելու նրա հնարավորությունները:

Загрузка...

Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն կամ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները չմասնակցեն ընտրություններին, ապա Փաշինյանը զրկվում է հակահեղափոխականների թեման խաղարկելու հնարավորությունից. հռչակագրում ԲՀԿ-ն ամրագրվում է որպես հեղափոխությանն աջակցող ուժ ու քարոզարշավի ժամանակ չի կարող ներկայացվել «սևի» կարգավիճակում։ Փաշինյանը թերևս վստահ է, որ առանց այդ հնարքի էլ կկարողանա իր դաշինքի համար ապահովել համոզիչ հաղթանակ, մանավանդ, որ ԱԺ ընտրություններում հեղափոխական ցուցակը գլխավորելու է հենց վարչապետը։

Սակայն Փաշինյանը, ռեաբիլիտացնելով ԲՀԿ-ն, լուծում է ավելի հեռանկարային խնդիր՝ ցույց տալով, որ իր կառավարության համար ձեռնտու է հիմնական ընդդիմության դերում տեսնել Գագիկ Ծառուկյանի թիմին, որը քաղաքական, տեխնոլոգիական առումով չի կարող հավակնել այլընտրանքի կարգավիճակին։ Փաշինյանի համակարգում ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, չի ունենա այն դերը, ինչն ուներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, սակայն դարձյալ կարող է հավակնել «ֆեյք» ընդդիմության դերին։

Հոկտեմբերի 2-ի ֆորս-մաժորային իրադարձությունների ժամանակ իրեն հեղափոխության պաշտպանի դիրքերից դրսևորեց «Լույս» դաշինքը, որն արտահերթ ընտրությունների հարցում անվերապահորեն պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի օրակարգը ու միանգամայն լեգիտիմ քաղաքական իրավունք ձեռք բերեց պայքարելու երկրորդ տեղի կամ հիմնական ընդդիմության դերի համար։

Երեկվա հուշագրում խոսք չկար Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին, սակայն եթե, այնուամենայնիվ, խորհրդարանը դրանք հասցնի ընդունել, ապա հաջորդ ԱԺ-ն պետք է բաղկացած լինի չորս կուսակցություններից, ու այս համատեքստում խիստ ուշագրավ է, որ երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պայմանական, այսպես կոչված՝ «պահեստային» բոնուս է տվել նաև ՀՅԴ-ին, որի հայաստանյան կառույցի ղեկավարին ընդունել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդ որում՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպմանը գրեթե զուգահեռ։

Օբյեկտիվորեն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ բացի «Լույս» դաշինքից, որն իրապես կարող է հավակնել դեմոկրատական հակակշռի դերին ու օբյեկտիվորեն սեփական ռեսուրսներով հաղթահարելու է անցողիկության շեմը, մյուսներին, այդ թվում՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, անցողիկության «բոնուս» պետք է տա կառավարությունը։ Իհարկե, խոսքը ոչ թե ստվերային պայմանավորվածությունների կամ ընտրությունների ժամանակ թվեր «նկարելու», այլ Փաշինյան-ԲՀԿ կամ Ավինյան-ՀՅԴ հանդիպումներով այդ կուսակցությունների սուբյեկտությունը վերականգնելու մասին է։

ՀՀԿ-ն ակնհայտորեն դրվում է «խաղից դուրս» վիճակում, և այդ քաղաքական ֆունկցիան ապահովում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հետևողականորեն մաշեցնելով Սերժ Սարգսյանի կուսակցության ռեսուրսները։ Օրեր առաջ Միրզոյանն ընդունել էր Գևորգ Կոստանյանին, որը երեկ հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանի օրակարգը պաշտպանելու մասին, երեկ երեկոյան առաջին փոխվարչապետի հյուրը եղել է ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Տաճատ Վարդապետյանը, ու անկասկած նա այսօր կամ վաղը կհայտարարի, թե ինչքան կարևոր է հեղափոխության հաղթանակը։

Սակայն իր մարգինալացման համար ՀՀԿ-ն պետք է մեղադրի միայն իրեն, որովհետև անցած հինգ ամիսներին ակնհայտրեն կորցրել է արդիականացվելու ռեալ հնարավորությունը։ Եթե ՀՀԿ-ն բարեփոխումների մասին խոսելու փոխարեն՝ իրապես սահմանազատվեր քրեաօլիգարխիայից, ապա մեծ հավանականությամբ կարող էր առաջիկա ընտրություններում հավակնել հիմնական ընդդիմության դերին, իսկ հիմա մղվելու է նոր Հայաստանի լուսանցք։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.1in.am/2440091.html

Be the first to comment on "Քոչարյանը հանձնվեց պատմությանը. 10%-ի հավակնորդները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ