Ի՞նչ անակնկալ է նախապատրաստել ՀՀԿ-ն

Երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ըստ էության, նման որոշումը անակնկալ չէր՝ Վիգեն Սարգսյանի վերջին շրջանի ֆեյսբուքյան ակտիվությունը վկայում էր հենց նախընտրական հայտի մասին: Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակն էլ կգլխավորի հենց Վիգեն Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին։ Վիգեն Սարգսյանն էլ նշեց, թե ընտրացուցակում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինի։ Ըստ էության, Սերժ Սարգսյանը, պահպանելով կուսակցության ղեկավար մարմնում իր դիրքը՝ մի կողմ է քաշվում, հասկանալով, որ այս փուլում իր մերժված կերպարը կարող է միայն վնասել հարազատ կուսակցությանը: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա վերջինիս կուսակցական ակտիվությունը մարել էր դեռևս մայիսին՝ իշխանության ղեկը իր ձեռքում պահելու անհաջող փորձից հետո:
Նիստից հետո ՀՀԿ գործարար թևի ներկայացուցիչների տրամադրության բացահայտ անկումը խոսում է այն մասին, որ կուսակցության գործարար-քաղաքական թևը այդպես էլ կոնսենսուսի չի հանգել և օլիգարխիան այնքան էլ ոգևորված չէ ՀՀԿ ռեբրենդինգի հեռանկարից: Իսկ ռեբրենդինգը կադրային բազան կազմելու են Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանավարտները:
Ուշագրավ է նաև ՀՀԿ պնդումը, թե ՔՊ միակ ընդդիմությունը կարող է լինել հենց Հանրապետականը: Իրականում, միանգամայն հասկանալի է, որ ՀՀԿ-ն չի կարող հավակնել հիմնական ընդդիմության կարգավիճակին՝ հենց միայն այն պատճառով, որ չի ընդունում հեղափոխության համատեքստը, իսկ հեղափոխությանն ընդդիմություն չի լինում, որովհետև դա արդեն նույնանում է ռևանշիզմի կամ հին համակարգի ռեստավրացիայի հետ։ Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ն չի թաքցնում, որ պայքար է մղելու երկրորդ տեղի համար, ասել է թե՝ պայքարը լինելու է ոչ թե ՔՊ, այլ ԲՀԿ հետ, որը այս պահին երկրորդ տեղի գլխավոր հավակնորդն է: Այս համատեքստում, անչափ կարևոր է ճիշտ հաշվարկել նաև ՀՀԿ նախընտրական շանսերը: Այն, որ կուսակցությունը անկախ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական տրանսֆորմացիաների արդյունքում ունի կայուն ընտրազանգված՝ փաստ է: Գալիք ընտրություններում ՀՀԿ-ն կարող է լուրջ հավակնություններ ունենալ հատկապես մարզերում՝ օգտվելով նաև վերջին շրջանում Փաշինյանի և նրա թիմի ձախողումներից:
Մյուս կողմից՝ ՀՀԿ-ն գոնե այժմ արդեն երկրորդն է, համենայն դեպս, հանրության ուշադրության առումով: Նիկոլ Փաշինյանից հետո ՀՀԿ-ն երկրորդ ուժն է հասարակական ուշադրության առումով, չնայած՝ բացասական: Ոչ պակաս կարևոր է՝ արդյո՞ք հանրապետական օդիոզները, ովքեր նախորդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ համար տասնյակ հազարների հասնող ձայներ էին բերում՝ փոխված իրավիճակում կցանկանա՞ն անցավ գլուխները ցավի տակ դնել և գործել հանուն ընդդիմություն դարձած քաղաքական ուժի, թե՞ ՀՀԿ երկու թևերի միջև առկա տարաձայնության գլխավոր պատճառը հենց այն է, որ քաղաքական թևը օլիգարխիայի հետ խոսում է վերջնագրի լեզվով, վերջիններիս կանգնեցնելով փաստի առջև…
Ս.Խաչատրյան

Be the first to comment on "Ի՞նչ անակնկալ է նախապատրաստել ՀՀԿ-ն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ