ՀՀԿ-ի ժառանգությունը Փաշինյանին, որից ազատվելն ամենադժվարն է լինելու

Փաշինյանի կողմից, գոնե այս փուլում, Շմիդտի որդիներից ազատվելու առումով իրավիճակը շտկելու շանսերը զրոյական են: «Իմ քայլի» գրեթե բոլոր տեղամասային շտաբներում առավելապես նրանք են և միամտություն կլինի կարծելը, թե Փաշինյանն այդ մասին տեղյակ չէ: Նա էլ թերևս մտածում է, որ անիմաստ է գետնանցումին ձիեր փոխելը: Հատկապես, որ այդ «ձիերը» իրականում ձիեր էլ չեն, ու պարզ էլ չի, թե փոխելուց էլ ովքեր կհայտնվեն սրանց փոխարեն:

Ագրարային համալսարանի դեպարտամենտներից մեկի տնօրենը, որ Հանրապետականի ղեկավար մարմիններում էր ու խիստ ակտիվ կուսակցական, աշխատասենյակը «զարդարել էր» նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, տեղ-տեղ էլ նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նկարներով: Ինչպես պատմում են ագրարցիները, ապրիլյան հեղափոխության օրերին սույն տիկինն ու իր թիմը մի քանի շաբաթ շվարած էին, չկողմնորոշվելով՝ ինչ անել: «Չար լեզուները», որ ամեն ինչից տեղյակ են ու երբեք չեն սխալվում, պատմում են, որ սույն տիկինը հեղափոխության օրերին չհամարձակվելով իր սուգը հրապարակավ արտահայտել, այդ օրերին սև ներքնաշորեր էր կրում: Եվ ահա, մայիսի 1-ից մեկ շաբաթ անց, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի հոգեդարձն անհնարին է, «յոթը տալու» հաջորդ օրն իսկ, սույն տնօրենն ու իր թիմը հայտարարում են, որ ծանոթացել են Փաշինյանի ծրագրին, կիսում են նրա գաղափարներն ու իրենք Նիկոլի գաղափարակիրն են, ելքական: Գրեթե նույն օրերին այս բուհի երիտթևը, որ նույնպես սրսուռ հանրապետականներից էր կազմված, ևս հայտարարում է, որ իրենք ելքական են ու սկսում հրապարակավ մասնակցել երիտասարդ ելքականների միջոցառումներին:

Օրերս Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզում էր: Նրա այցելած գյուղերից մեկում, կայացած «ճոխ ընդունելությունից» հետո, տեղացի մտերիմներս «ներկայացրեցին» այդքան ճոխ ընդունելության կազմակերպիչներին. տեղի «քաղաքական ակտիվին», որ կազմում են գյուղի «Իմ քայլը» դաշինքի շտաբը: Այսպես ուրեմն. Փաշինյանի շտաբի առաջին դեմքը երկար տարիներ գյուղի ՀՀԿ-ի չեղած կազմակերպության նախագահն է եղել, ամեն ընտրության 5-10 հազար դրամով «ապահովելով» 80-100 ձայն: Սակայն այդպես էլ որևէ թեթև պաշտոն չստանալով՝ երկու-երեք տարի առաջ խռովել ու հեռացել է մայր կուսակցությունից: Հիմա մուռն է հանում: Երկրորդը՝ լինելով ոչ անհայտ Արգամ Աբրահամյանին շրջապատողների «ծայրամասում», վերջին ընտրություններում ակտիվորեն աշխատել է ԲՀԿ-ի ու վերջինիս համար դարձյալ ակտիվորեն մասնակցելով փողաբաժանությանը: Երրորդը՝ նույնպես աշխատել ու փող է բաժանել ՀՀԿ-ի, ավելի կոնկրետ՝ վերջինիս կարկառուն ներկայացուցիչներից մեկի համար, որն այս պահին էլ դեռ պատգամավոր է: Չորրորդը դպրոցի տնօրենի որդին է, որ լինելով Հովիկ Աբրահամյանի թիմից, միշտ հոր հետ աշխատել է նրա համար, վերջին ընտրություններում՝ միաժամանակ թե՛ Արգամի և թե՛ Հանրապետականի: Հինգերորդը՝ նոր աճող կուսակցական գործիչ է, որ անցած ընտրություններում խաղում էր թե՛ Հանրապետականի և թե՛ «Բարգավաճի« լարերի վրա, երկուսի համար էլ փող բաժանելով, ու ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ դպրոցի տնօրեն դառնալու չթաքցրած նկրտումներ ունի: Հավելենք, որ առաջին երկու-երեքն էլ աշխատում են գյուղապետ դառնալ, յուրաքանչյուրն առանձին հույս ունենալով, որ գարնանը կայանալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հենց իր վրա «խաղադրույք կանի»: Պատմեցին նաև, որ մարզպետարանից այդ գյուղի շտաբի պետի հիմնական թեկնածուն եղել է դպրոցի տնօրենի հավակնություններ ունեցողը, բայց սրա մրցակիցներից մեկ-երկուսը մի քանի մեքենա ժողովրդով «այցելել» են Արարատի մարզի ՔՊ-ի շտաբ, ներկայացրել նախնական թեկնածուի «անմաքուր անցյալը», և մարզի «Իմ քայլի» կառույցի ղեկավարը սրան փոխարինել է: «Դպրոցականի» անմաքուր անցյալը ներկայացնելով հանդերձ՝ սրանք ՔՊ-ի մարզային շտաբում խոստացել են, որ աշխատելու են Նիկոլի ու մարզպետի համար: Հաշված օրեր անց, սակայն, լսելով, որ մարզպետը գնում է ԱԺ ու պարզելով, որ հարևան գյուղից դարձյալ «Իմ քայլից» լավ թեկնածու կա, սկսել են աշխատել սրա համար: Ասելով՝ «մեկա էլի նիկոլական է»:

ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում այցելած մյուս գյուղում դարձյալ սատարում են Փաշինյանի դաշինքին: Այստեղ միշտ շատ մեծ է եղել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, և եթե վերջին 15-20 տարիներին՝ շնորհիվ Արգամիչի, միայն Հանրապետականին են ճանաչել, անցած տարի Արգամ Հովիկիչին էին ընդունում ու «Բարգավաճին»: Այս տարի, բոլոր նախորդներում հաղթական ընտրություններ կազմակերպած թիմը հիմա էլ աշխատում է «Իմ քայլի» համար: «Իմ քայլի» համար է աշխատում նաև հանրապետության ամենամեծ գյուղերից մեկի «ակտիվը», որ նախկինում մեկ մարդու պես աշխատել է Երևանի նախկին դատախազներից մեկի հրահանգով, որն այդ գյուղացի է: Հիմա խոսում են, որ նա ոչնչի չի խառնվում, բայց սրա նազիր-վեզիրները ակտիվ նիկոլական են դարձել: Այս վիճակն է գրեթե բոլոր գյուղերում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ՔՊ-ի շտաբները իրականում, գործնականում ոչինչ չունեն անելու, որովհետև ժողովուրդն առայժմ միանշանակ ընդունում է Փաշինյանին ու եթե ընտրակաշառք չկա, ապա Նիկոլի շտաբներն ու նրանցում խցկված Շմիդտի որդիները նրանք են, որ փորձում են խցկվել մատի ու մատանու արանքում, որի ազդեցությունը միանշանակ բացասական է լինելու: Ագրարայինի վերոհիշյալ տիկինը հիմա ակտիվ աշխատում է Նիկոլ Փաշինյանի թիմի համար, ինչպես որ ժամանակին ՀՀԿ-ի: Սրա ու գյուղական Շմիդտի որդիների տարբերությունն այն է, որ սա քաղաքային ինտելիգենցիայի ներկայացուցիչ է, ավելի ճկուն ու ժամանակին ճիշտ կողմնորոշվող, գյուղական ինտելիգենցիան՝ մի քիչ ավելի «դանդալոշ»: Բայց սրանք ու սրանց պիեսները, որ ՀՀԿ-ի ստեղծածն են ու, որպես ծանր ժառանգություն, մնացել են Փաշինյանին, նեխած, հոտած (բայց երբեք չփտող) բեռ են, որ շարունակ ուղեկցելու են նրան, ու Փաշինյանը թանկ է վճարելու դրա համար: Հասկանալի է՝ լինելով համեմատաբար երիտասարդ ու փոքրաթիվ կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիրն» այս փուլի համար այլ հնարավորություն չուներ, բայց այդ անպետք բեռն արդեն փոխանցվել է նրան, իրենք ընդունել են ու սրանցից ազատվելը, թերևս, ամենադժվարն է լինելու Փաշինյանի համար:

https://www.1in.am/2472564.html

Be the first to comment on "ՀՀԿ-ի ժառանգությունը Փաշինյանին, որից ազատվելն ամենադժվարն է լինելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ