Երբ գլխացավը գլխացավանք է․ Մարտի 1-ից «ցավերն» ավելի կսրվեն

Մարտի 1-ից այլևս չեք կարող վազել մոտակա դեղատուն, օրինակ, ամենահասարակ ցավազրկողը ձեռք բերելու:

Դրա համար նախ պետք է բժիշկ կանչել կամ գնալ բժշկի:

Շատերը կհարցնեն՝ դե, հո ամեն անգամ գլխացավի համար բժշկի չե՞նք դիմելու, ասեմ՝ դիմելու ենք, քանի որ առողջապահության փոխնախարարը խորհուրդ է տվել՝ այսուհետ, այսինքն, մարտի 1-ից ցավին լուրջ վերաբերվել:

Այսօր, վաղը շտապեք նեղ օրվա համար դեղ գնել, քանի որ մարտի 1-ից կամ ստիպված կլինեք գլխացավի համար շտապ օգնություն կանչել, կամ էլ՝ հաղթահարելով գլխացավը, հասնել մոտակա հիվանդանոց կամ պոլիկլինիկա, որպեսզի բժիշկը դեղատոմս գրի:

Ասպիրինը, անալգինը, սոլպադեինը, կետանոլը, նիմեսիլը և մի շարք այլ ցավազրկողներ շատ շուտով հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:

Այս պահին Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման է ենթակա 2700-ը:

Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի համար:

Загрузка...

Միևնույն ժամանակ հասկանալի է, որ, օրինակ, հուլիսի 1-ից բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը դասվելու են դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքին։

Հաճախ ենք մեր արտագաղթած կամ խոպան մեկնած ու հետ չեկած ազգականներին ու ծանոթներին դիմում անհրաժեշտ դեղորայքի խնդրանքով, որովհետև Հայաստանում վաճառվող շատ դեղերը ընդունված է կարծել ոչ օգտակար կամ կեղծ:

Մարտի 1-ից այդ խնդիրն ավելի կսրվի՝ դեղերը ոչ միայն կեղծ, այլև դժվար հասանելի կդառնան:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված դեղերը, որոնց մասին գաղափար չունեն երբեմն նույնիսկ դեղատան «բժիշկ» աշխատակիցները, անհայտ չեն:

Գնորդի համար ի՞նչ տարբերություն՝ այդ դեղը բժի՞շկն է նշանակել, թե՞ ինքն է գնել, միևնույն է, այն կեղծված է:

Եթե քաղաքացին հնարավորություն ունենա գնելու որակյալ գլխացավի դեղ, ապա նրա գլխացավին չի ավելանա ևս մեկ գլխացավանք՝ իր բոլոր հետևանքներով:

Թե ինչո՞ւ է, օրինակ, Վրաստանում դեղորայքն ավելի որակյալ և էժան, քան մեր երկրում, պատասխանը շատ պարզ է:

Վրաստանում դեղերի վրա ավելացված արժեքի հարկ չի գործում:

Առողջապահության ոլորտում սահմանափակումների ավելի կարևոր օղակներ կան, քան դեղատոմս պարտադրելը: Ակներև է, որ մենք փորձում ենք Հայաստանում ստեղծված իրականությունը համապատասխանեցնել արևմտյան որոշ երկրների հետ, որտեղ իրավամբ, առանց դեղատոմսի հակաբիոտիկներ չեն վաճառում, սակայն ինչպես ասում են՝ ամեն մեկը պետք է ոտքը, ինչու չէ նաև ձեռքը, գլուխը իր վերմակի չափով մեկնի… թե չէ՝ կմրսի։

Դեղեր առանց դեղատոմսի կարելի է գնել եվրոպական որոշ երկրներում, սակայն, ոչ օրինակ, Գերմանիայում: Օրենքն այնտեղ շատ ավելի խիստ է, քան նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ հանրախանութում իբուպրոֆենը վաճառվում է յոգուրտի հարևանությամբ :

Գերմանիայում կա ավելի քան 20000 դեղատուն, իսկ դեղատան աշխատակցի գործը համարվում է անչափ պատասխանատու: Դեղատները, սակայն, աշխատում են առավելագույնը մինչև երեկոյան ժամը 19-ը: Իսկ ի՞նչ անել, եթե, օրինակ, ասպիրին է անհրաժեշտ: Գերմանիայում այն կարելի է գնել միայն դեղատնից :

Այնտեղ դեղերը բաժանվում են 3 խմբի և վաճառվում 3 եղանակով: 3-րդ խմբի մեջ ներառված դեղամիջոցները կարելի է գնել բացառապես դեղատնից, բժշկի նշանակած դեղատոմսով: Չէ, մեզ նման չէ, դրա համար վճարում է ոչ թե գնորդը, այլ հիվանդանոցը, քանի որ Գերմանիայում գրեթե բոլոր բնակիչներն ապահովագրված են:

2-րդ խմբի մեջ ներառված դեղամիջոցները նույնպես պետք է գնել դեղատնից, սակայն արդեն առանց դեղատոմսի, այս դեպքում քաղաքացին սեփական գրպանից է վճարում գնման համար, բացառություն են կազմում մինչև 12 տարեկան երեխաները, ինչպես նաև քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիները, որոնց համար բժիշկն իրավունք ունի դեղատոմս գրել և հիվանդանոցի միջոցներով վճարել դեղերի գումարը:

1-ին խմբի մեջ մտնող դեղերը կարելի է գնել ցանկացած առևտրի կետից: Դրանք են հանքային հավելանյութեր պարունակող դեղերը, վիտամինները, բուժիչ թեյերը, երիտասարդեցնող քսուկները և այլն:

Նախքան մեր երկրի դեղերի շուկայում «հեղափոխություն» անելը, կարելի է հետևել մի շարք բուժհաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակին, այդ հաստատություններում պարտադրել, եթե ոչ գերազանց՝ գոնե բավարար պայմաններ:

Ինչևէ. մինչև մարտի 1-ը փորձեք հոգեբանորեն և ֆիզիկապես դառնալ բուժհաստատություններում հերթերի մեջ ձեր գլխացավի դեղատոմսին սպասող դժգոհ քաղաքացիների մի մասնիկը: Բայց երբեք և ոչ մի դեպքում հույսը մի կտրեք վաղվա օրվա նկատմամբ և ․․․ և չհիվանդանաք։

Be the first to comment on "Երբ գլխացավը գլխացավանք է․ Մարտի 1-ից «ցավերն» ավելի կսրվեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ